Կարևոր իրադարձություններ

Հեղինե Բիշարյանը հայտնվեց Վանաձորի քաղաքապետի գրկում, իսկ Կարգինի Հայկոն դավաճանեց «Սասնա Ծռերին». Ամենազավեշտալիների TOP 10

22 Հոկտեմբեր, 2016 19:00
Հեղինե Բիշարյանը  հայտնվեց Վանաձորի քաղաքապետի գրկում, իսկ Կարգինի Հայկոն դավաճանեց «Սասնա Ծռերին». Ամենազավեշտալիների TOP 10

Չնայած հանրությունը զզվել ու հոգնել է քաղաքականությունից, սակայն այս տասը մարդը իրենց անսկզբունքայնությամբ կամ զավեշտալի այլ գործերով կարողացել են ուրախություն և խինդ պարգևել հասարակության քաղաքականացված հատվածին: Եվ այսպես.

 

1. Սամվել Բալասանյան

Մինչ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն ու «Գալան» հուշագիր էին ստորագրում ու գոռում, որ Բալասանյանին քաղաքապետ դառնալու համար երկու ձայն չի հերիքելու, ընտրական հանձնաժողովն այդ երկու ձայնը սուսուփուս նվիրեց ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից Գնդիկ-բոքոնիկի պես հեռացած և ՀՀԿ-ական դարձած Բալասանյանին, ով հայտնի մուլտհերոսի խաղաղությամբ նորից բազմեց իր գահին: Այս ամենից հետո ամենաարդար դատարանը մերժեց բոլոր բողոքները, իսկ ամենաազնիվ խորհրդարանն էլ ԿԸՀ նախագահ վերընտրեց այս ամենի կնքահայր Տիգրան Մուկուչյանին: Այսինքն, եղավ ինչպես միշտ՝ ժողովուրդը լիաթոք ծիծաղեց ընդդիմության վրա, իսկ իշխանությունը՝ բոլորի: 

2. Հեղինե Բիշարյան

Ընտրությունները զվարճալի անցան ոչ միայն Գյումրիում, այլև Վանաձորում: Անարդար էր միայն այն, որ Բալասանյանից ավել տոկոս խփած Ասլանյանը ավելի մեծ կռվով ու դավով դարձավ քաղաքապետ՝ այն էլ միայն չորս դավաճան ընդդիմադիրների օգնությամբ: Մինչ «Մաֆիա» խաղի կանոններով բոլորը փնտրում էին չորս սևերին, խաղի դոնը իր հսկա գիրկն առավ և քնքշորեն համբուրեց այդ օրը շերիֆ ներկայացած Հեղինե Բիշարյանին: Մարդիկ հազիվ էին զսպում ծիծաղը ՕԵԿ դարձած ՀՎԿ-ի ընդդիմադիր պոռթկումներից, հազիվ էին մոռացել Բիշարյանի ու Սամվել Ալեքսանյանի քուրիկ-ապերիկ խաղը, երբ ահա կայացավ մի նոր զավեշտալի բացահայտում՝ քաղաքական համբույրի տեսքով:

3. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի հիմնադիր նախագահը մեկ նախադասությամբ և խոր անտարբերությամբ գուժեց իր հիմնադրած երկրի մոտալուտ սնանկացման ու կործանման մասին՝ ժողովրդին արժան չհամարելով նույնիսկ ներկայացնելու իր այդ չարագուշակության հիմնավորումը: Այս կարճ հաղորդագրության իրական հասցեատերերն ամեն ինչ հասկացան և ինչ պետքն էր արեցին, որովհետև ընդամենը մի քանի օր անց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ լիովին հավատում է Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետի անկեղծությանը և իր ժամանակաշրջանի հաջողված փորձից մի քանի հակակոռուպցիոն մաստեր-կլաս տվեց Կարեն Կարապետյանին: 

4. Սերգեյ Լավրով

Լավրովը նախ լացելու աստիճան ծիծաղեցրեց ողջ աշխարհին՝ CNN հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Ամանպուրին ասելով, որ ԱՄՆ նախագահական այս ընտրություններում շատացել են կանացի սեռական օրգանները: Այնուհետև նա ստիպեց Շարմազանովին ծաղրել ռուսական տեսակետի զավեշտալի շրջադարձը՝ Հայաստանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարելով, որ Թուրքիան կարող է դրական մասնակցություն ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման գործում՝ մոռանալով, որ հենց ինքը մի քանի ամիս առաջ դա անթույլատրելի էր համարել:

 

5. Հրանուշ Հակոբյան

Բոլորին հետաքրքրող հարցին, թե նա ինչու՞ և ինչպե՞ս նորից դարձավ նախարար, նա  բառացի պատասխանեց հետևյալը. «Արդյո՞ք Հրանուշ Հակոբյանը իրոք անօրինություն է կատարել, գողություն է արել, կոռուպցիայի մեջ է մեղադրվել, այլանդակություններ է արել, որի համար նա չպետք է շարունակի աշխատել»: Փաստորեն, մնացած բոլոր չվերանշանակված նախարարներին մեղադրելով բոլոր այդ հանցագործությունների մեջ՝ նա լիովին արդարացրեց իր վերանշանակումը և նոր խինդ պարգևեց ողջ հայությանը: 

6.Թևան Պողոսյան

Նա այլևս չի զբաղվում զինվորների սերմնահեղուկի հավաքման լրջագույն գործով, բայց կարողացել է հայտնվել այս տասնյակում, քանի որ իշխանական լրատվամիջոցներն ամենուր նրան ներկայացնում են որպես Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր: Ամեն օր, ամեն ժամ, ամեն մի հեռուստաարկղից ու լրատվակայքից, բոլոր թեմաներով կարող եք ըմբոշխնել ամենաիմաստուն վերլուծությունները՝ իշխանության կողմից ամենաընդդիմադիրի պաշտոնը ստացած այս գործչից:

 7. Ռուբեն Ջաղինյան

«Քաղաքը ջազ է լսում, իսկ Ջազը՝ ռաբիզ»: Այս ժողովրդական հումորը ձոնվել է ի պատիվ Հանրային հեռուստատեսության եթերում հայտնված ռաբիզի մեծ քարոզարշավի: Մարդիկ հազիվ էին հանգստացել ծիծաղի այս գալարներից, երբ շրջանառվեց մի նոր անեկդոտ: Հանրությանը նրբորեն հիշեցրին, որ Ռուբեն Ջաղինյանի վերցրած վարկով մինչ օրս գրավի տակ է դրված Հանրային հեռուստատեսության շենքը: Մարդիկ չգիտեն՝ խնդան, թե՞ լան, քանի որ, ցավոք, սա իրականություն է և ոչ թե մի հերթական КВН-ային հումոր: 

8. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը արդեն հասցրել էր բարեհաջող մոռացվել ու զրոյացնել իրենից բոլոր սպասելիքները, երբ որոշեց մի նախաձեռնողական հումորով հանդես գալ: Ծաղկաձորում նա լրագրողական մի սեմինար կազմակերպեց և վարժապետի կերպարով հայտնեց, որ ոստիկանության հետ հարաբերություններում, ինչպես և ամենուրեք, լրագրողներն են մեղավոր: 

9. Վարուժան Սուքիասյան

Այս ամիս լրագրողներին անարդարացիորեն մեղադրեց նաև Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը՝ ասելով, որ Հայաստան-Ռումինիա խաղի պարտության և լավ ֆուտբոլիստների բացակայության մեղավորը դարձյալ լրագրողներն են: Այս փայլուն մտքի հեղինակը շուտով հեռացավ իր պաշտոնից, բայց լրագրողներին նավսելու և այլ հանցանքների մեջ մեղադրող շատ այլոք դեռ իրենց տեղերում են:

10. Հայկ Մարության

Խորենացի փողոցում «Սասնա Ծռերի» կողմն անցած, իշխանության դեմ ելած ու քաղաքական գործիչ դարձած դերասանը նորից «Արմենիա» հեռուստաընկերության սերիալում է, նորից վարձատրվում է իշխանական կերակրատաշտից և նորից նրանց հետ է, ովքեր ամիսներ շարունակ վարկաբեկում էին Ժիրայր Սեֆիլյանին ու «Սասնա Ծռերին»: Այսպիսով, տաղանդավոր դերասանը մնաց դերասան՝ թե՛ կինոյում և թե՛ քաղաքականության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին