Կարևոր իրադարձություններ

«Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է իրականացվելու կառավարության ծրագիրը»

21 Հոկտեմբեր, 2016 17:50
«Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է իրականացվելու կառավարության ծրագիրը»

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում հավանության արժանացրեց Կառավարության նոր ծրագիրը: ԱԺ-ում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դժգոհություն և թերահավատություն հայտնեցին՝ կապված ծրագրի դրույթների,  դրանց իրականացման հնարավորությունների հետ:

Կառավարության նոր ծրագրի մասին Shabat.am-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:  Վերջինիս կարծիքով այս կառավարությունը փորձել է իր ծրագրով առանձնանալ. «Այս ծրագրի յուրահատկությունը կայանում է նրանում, որ փորձել են այն կազմելիս նախորդ ծրագրերից տարբերվել: Նախկին ծրագրերը մեկը մյուսին շարունակում էին նույնիսկ իրենց կառուցվածքով, կրկնվում էին նույն ոճով: Հիմա նոր կառավարությունը նոր ոճով է ընտրել, որի արդյունքում, սակայն, ես որևէ հաջողված բան չեմ տեսնում: Ծրագրում ընդհանուր խառնաշփոթ կա. ամեն մի բնագավառի պատասխանատուների հանձնարարվել է իրենց ոլորտի խնդիրները, իրենց մոտեցումները ներկայացնել: Դրանից ծրագիրն ամբողջական չի դառնում»,-նշում է նա:

Տնտեսագետը նկատում է, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ երկիրն այսօր չունի. «Ինչպե՞ս պետք է տեղի ունենա այդ ծրագրի իրականացումը և ամենակարևորը՝ ի՞նչ միջոցների հաշվին: Այդ ռեսուրսները չեն երևում: Նկատի ունենոլով նոր կառավարության առաջին հայտարարությունը, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է գտնվում, հարց է առաջանում՝ այդ ծրագիրն ինչպե՞ս է նման պայմաններում իրականացվելու»,-ընդգծում է Խաչատրյանը:

Ծրագրում ներառված դրույթները Խաչատրյանի կարծիքով ընդամենը խոսքեր են, որոնք իրականաություն դարձնելու համար կոնկրետ գործիքների կիրառում է հարկավոր. «Ես չեմ տեսնում այդ կոնկրետությունը: Նույնիսկ այնտեղ առկա ժամանակագրական ինչ-որ նշումները, թե որ ժամանակահատվածում ինչ է իրականացվելու, դեռ կոնկրետություն չի մտցնում»:

Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ անապահով ընտանիքների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների նախատեսվելիք նվազեցմամբ հնարավոր չէ պայքարել աղքատության դեմ, որը ծրագրի առաջնահերթություններից մեկն է:

Տնտեսագետը նաև մտահոգություն է հայտնում ծրագրերի ժամկետի միասին. «Անգամ այդպիսի կարծիք կա, որ վեցամսյա ծրագրի մասին չարժի խոսել: Օրինակ, ի՞նչ է նշանակում գործազրկությունը նվազեցնել: Ինչպիսի՞ գործիքներով և մեխանիզմներով է դա արվելու: Եթե ասեն վեց ամսում չի ստացվել, ապա էլ ինչու՞ էին գրում այդ ծրագիրը: Գործազրկությունը վեց ամսվա ընթացքում 18,5-ից դառնալու է 19,5 տոկոս: Դա հայաստանյան այսօրվա իրականությունն է, կա օրինաչափություն՝ ձմռանը միշտ գործազրկությունը աճում է 1-1,5 տոկոսով: Այս առումով լուրջ չեմ ընդունում այդ փաստաթուղթը: Հայաստանի առջև այսօր ծառացած խնդիրների լուծում ես վեց ամսում չեմ տեսնում: Շատ ավելի ռացիոնալ կլիներ, եթե ծրագիրը սկսվեր մենաշնորհների վերացման, մրցակցային պայմանների բարելավման հետ կապված հարցերով»,-նշում է նա: 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին