Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը «ստուգարք է» հանձնում «սպիտակ» բիզնեսին. «մանրուքները» աչքից չեն վրիպել. «ՀԺ»

21 Հոկտեմբեր, 2016 08:57
Կարեն Կարապետյանը «ստուգարք է» հանձնում «սպիտակ» բիզնեսին. «մանրուքները» աչքից չեն վրիպել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը:

Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր՝ նույնպես:

Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից: Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները:

Վերջիններս առայժմ մեծ հույսեր են կապում այս կառավարության հետ, եւ դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ եւ կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ, զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը» եւ այլն:

Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը:

Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին: Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում: Երկրի եւ տնտեսության առջեւ կանգնած հիմնական` արմատական խնդիրների վերաբերյալ հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում. այդպես էլ համոզիչ ձեւակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից:

Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքները» չեն վրիպում: Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին