Կարևոր իրադարձություններ

«Փոքր ձեռնարկությունները մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ»

26 Սեպտեմբեր, 2016 17:49
«Փոքր ձեռնարկությունները մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ»

Այսօր՝ ԱԺ-ում քննարկվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որի համաձայն տեղական տուրքերի չափը սահմանվելու է  տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքի քառակուսի մետրին համապատասխան:   

Վերոնշյալ նախագիծն առաջ մղողներից  մեկի՝ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» փոխնախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանի կարծիքով այն իսկապես հարկային բեռի թեթևացում կբերի մանր և միջին տնտեսվարողներին. «Ներկայումս  մեծ խանութները և սուպերմարկետները վճարում են նույն  վճարն նույն գործունեության՝ ասենք, ծխախոտի և ալկոհոլի վաճառքի լիցենզիա ստանալու համար, ինչ որ վճարում էին փոքր խանութը կամ կրպակը: Այս նախագծով արդեն այդ փոքր խանութները կվճարեն իրենց զբաղեցրած տարածքի քառակուսի մետրին համապատսխան: Նախագծի ընդունումը որոշակիորեն դրական խթան կհանդիսանա մանր բիզնեսի զարգացման համար»,- Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գրիգորյանը:

Գործարարը գտնում է, որ այսօր փոքր և միջին ձեռնարկատիրության վիճակը Հայաստանում աղետալի է. «Տեսնում ենք, թե ինչպես են մանր ձեռնարկությունները փակվում: Այժմ մանր ձեռնարկությունները մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ՝ ստացած խոստումների հիման վրա: Տեսնենք՝  նոր կառավարությունը ինչ նոր մոտեցումներ կունենա և փոփոխություններ կկատարի տնտեսության աշխուժացման, մանր և  միջին բիզնեսի խթանման նպատակով»:

Գրիգորյանը նկատում է. «Բիզնեսն անընդհատ դեպի աճ ձգտող ուղղվածություն ունի, և եթե դա տեղի չի ունենում, ուրեմն կան խանգարող հանգամանքներ: Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանը խոչընդոտում է նախ և առաջ Հարկային և մաքսային օրնեսդրությունը, որը թույլ չի տալիս, որ մանր և միջին բիզնեսը զարգանա: Ընդհանուր առմամբ, Հայաստանում այդ խանգարող գործոնները բազմաթիվ են և տնտեսական մենաշնորհը, կոռուպցիան, սպառման շուկայի պակասը դրանցից մի քանիսն են»:      

Ըստ Գրիգորյանի՝ այս ամենի համատեքստում «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը թեև թեթևացնում է մանր ձեռնարկատերերի հարկային բեռը, սակայն գլոբալ խնդիր չի լուծում.  « Նման քայլերով բիզնեսի խոշոր զարգացում ակնկալել հնարավոր չէ, իսկ դրա համար մենք պետք է առաջնահերթորեն լուծենք Հարկային և մաքսային օրնեսդրությունների հարցը, ավելի ազատականացնենք շուկան՝ ճանապարհ հարթելով բիզնեսի զարգացման համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին