Կարևոր իրադարձություններ

Կոմիտասի ծննդավայրը` Քյոթահիա

26 Սեպտեմբեր, 2016 17:29
Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան
Կոմիտասի ծննդավայրը` Քյոթահիա

Ապագա մեծագույն հայ երգահան Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հին օրացույցով) Փոքր Ասիայում (Արևմտյան Թուրքիա) գտնվող Քյոթահիա քաղաքում: Ներկայացվող 20-րդ դարասկզբի լուսանկարի վրա առաջին պլանում հայկական եկեղեցու զանգակատունն է:

Սողոմոնի հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը Քյոթահիա էր տեղափոխվել Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը ծանր մանկություն ունեցավ. մեկ տարեկանում նա զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում` հորից, և մինչև 1881 թ. ապրում է հորական տատի՝ Մարիամի հետ, ով նրա համար փաստորեն երկրորդ մայր է եղել: 1875-ին ապագա երգահանն ընդունվում է Քյոթահիայի միջնակարգ ուսումնարան, որն ավարտում է 1880-ին:


1881 թվականը շրջադարձային դարձավ 12-ամյա Սողոմոնի համար: Երբ Քյոթահիայի հայկական թեմի առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը Էջմիածին էր գնում եպիսկոպոս օծվելու նպատակով, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն պատվիրում է, որ նա իր հետ մի որբ երեխա բերի Էջմիածնում կրթություն ստանալու համար: Քյոթահիայի 20 որբ երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտում է հենց Սողոմոնին։ Այդպես, ճակատագրի բերումով, 12-ամյա Սողոմոնը Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին, որտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողում բոլորի վրա, ինչն էլ այսուհետ փոխելու էր իր կյանքի ողջ ընթացքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին