Կարևոր իրադարձություններ

Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձն է նշվել, մենք ոչ թե անկախություն, այլ Իսկանդեր ենք ձեռք բերել. «Ժամանակ»

24 Սեպտեմբեր, 2016 08:44
Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձն է նշվել, մենք ոչ թե անկախություն, այլ Իսկանդեր ենք ձեռք բերել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է հիշվելու մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս անց անկախության քառորդ դարի տարեդարձից, իսկ ինչ է հիշվում այսօր, հիմա։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձն է նշվել, մենք ոչ թե անկախություն, այլ Իսկանդեր ենք ձեռք բերել, պայքարել ենք դրա համար, զոհեր ենք տվել դրա համար, դարերով հենց դա ենք երազել։ Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարությունների և հանդիսությունների մեխն ու հետքը դարձան հրթիռային այդ համակարգերը, որ ցուցադրվեցին անկախության տոնի առիթով կազմակերպված զորահանդեսին։ Նույնիսկ մեր բանակը, քսանհինգ տարի պետությունը պահող զինվորը կարծեք մինչ այդ չէր եղել և միայն Իսկանդերով եղավ։ Այն, որ գերժամանակակից հրթիռային այդ համակարգերը իսկապես կարևորագույն ռազմաքաղաքական գործոն են յուրաքանչյուր պետության համար, այն, որ դրանք շատ կարևոր զսպող գործոն են Հայաստանի պարագայում, այն, որ Հայաստանը եզակի պետություն է, որ ունի այդօրինակ սպառազինություն, անկասկած լավ է, ողջունելի, կարևոր է, աչք ու ականջ շոյող, արժանապատվություն ներշնչող։ Սակայն անկախությունը մնաց այդ ամենի ստվերում։ Նկատեցի՞ք, նկատեցի՞նք, նկատե՞ց որևէ մեկը։

Նկատվե՞ց, որ ստեղծվեց այնպիսի տպավորություն, կարծես մենք բոլորս կախված ենք մի Իսկանդերից՝ կա Իսկանդերը, կանք մենք, չկա Իսկանդերը, չկանք մենք։ Իհարկե այդ աղմուկը կանցնի, իհարկե ամեն ինչ կհանդարտվի, պաթոսն ու ոգևորությունը կզսպվի: Սակայն արդեն իսկ տեղի ունեցածն ինքնին մեզ պետք է տա խորհելու բավականին լուրջ տեղիք, առիթ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր անկախությունը չպետք է կախված լինի ոչնչից, մեր անկախությունն, ըստ էության, պետք է անկախ լինի։ Իսկ դրա համար, այն պետք է ունենա հնարավորինս շատ ու բազմազան ձեռքբերումներ, որպեսզի մենք բոլորս խնդիր ունենանք ընտրելու, թե դրանցից հատկապես որ մեկն է առավել կարևոր անկախությունը պահելու, փայփայելու, պաշտպանելու, զարգացնելու տեսանկյունից։ Մենք պետք է ունենանք ընտրության հնարավորություն և կանգնենք բազմազանությունից ընտրելու հավերժական խնդրի առաջ, որպեսզի համարենք, որ անցել ենք և անցնում ենք իսկապես արդյունավետ ճանապարհ։ Պետք է որ տոնական շաբաթը եզրափակենք այդ մասին մտորումներով, և հաջորդ շաբաթը, որով փաստորեն՝ սկսվում է մեր անկախ պետականության մի նոր շրջան, մի նոր շրջափուլ, սերնդային մի նոր բաժանում, մենք սկսենք արդեն ամեն մեկիս համար բոլորովին նոր ուղենիշներով և չափորոշիչներով»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին